ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Սիրո հետքերով շարժվող նկարիչը

Սիրո հետքերով շարժվող նկարիչը
14.05.2023 | 19:33

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն ասում էր. «Արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին»։ Հենց այդ նպատակին է ծառայում ՀՀ վաստակավոր նկարիչ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ 55-ամյակին նվիրված «Հետհայաց» ցուցահանդեսը:

Ներկայացված էին նկարչի 30 տարիների աշխատանքները։ Սա Երևանում թվով 3-րդ ցուցահանդեսն էր։ Առաջին երկու ցուցահանդեսներին ներկայացված են եղել նկարչի ուսանողական տարիների աշխատանքները,այս անգամ, կարելի է ասել, ծաղկաքաղ էր արվել։ Այն, որ արվեստագետ Վահրամյանին գնահատողները շատ են, փաստում էր մարդկանց անընդհատ հոսքը և չդադարող եռուզերը։

Նկարիչների միության տնօրեն Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ Արմեն Վահրամյանն այն ստեղծագործ անհատներից է, ում աշխատանքները դիտելիս հոգիդ խաղաղվում է, լցվում ես միայն դրական էներգիայով։
Աշխատանքներում առկա են էվոլյուցիոն փոփոխություններ,որոնք տարիների պրպտուն մտորումների արդյունք են։ Ինչպես ինքը՝ նկարիչն է նշում, փոփոխություններ են լինում նույնիսկ մարդկային հարաբերություններում, ինչպե՞ս կարող է նկարների մեջ փոփոխություն չկատարվել, մենք ամեն օր ենք փոխվում՝ մեր խառնվածքով և մտածելակերպով։

Արմեն Վահրամյանի ուրախությունը կիսելու էին եկել հարազատները, արվեստագետ ընկերները, մշակութային և քաղաքական գործիչներ։
Կինը՝ Նաիրա Պապիկյանը փաստում է, որ ամուսնու նկարների մեջ գերիշխում է սերը։ Չկա նկար, որը կարող ես առանձնացնել մյուսներից։ Կես կատակ-կես լուրջ նշում է, որ ամուսինը ավելի շատ ժամանակ է անցկացնում արվեստանոցում, քան՝ ընտանիքի հետ, երբեմն անգամ սուրճ խմելու համար ընտանիքով են իջնում արվեստանոց։

Արմեն Վահրամյանի նկարիչ դառնալու գործում մեծ է Լոռվա բնության ազդեցությունը. դժվար է ապրել Լոռիում, ունենալ տաղանդ և այն չզարգացնել։
«Ես աստվածապաշտ և աստվածավախ մարդ եմ, իսկ արվեստն ավելի է բարիացնում մարդկանց և դառնում Աստվածածին: Այսօրվա իմ նկարներով սեր եմ բերել, կարծում եմ, յուրաքանչյուրիդ էլ որոշակի չափաբաժին կհասնի»,-նշում է վաստակավոր նկարիչը։
Հիշեցնենք, որ արվեստագետ Վահրամյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իսպանիայում,Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Սյուզի Դավթյան

Դիտվել է՝ 7619

Մեկնաբանություններ